Այս տարի ՈԱԱԿ-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը, որի կապակցությամբ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողով:
ՄԿՈՒ շահակիցների (քոլեջների) համաժողովի նպատակն է քննարկման առարկա դարձնել, թե ինչպես կարող է կրթական համակարգը նպաստել տնտեսական աճին, ինչպես նաև աջակցել գործատուների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև երկխոսությանը և համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:
ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի աշխատակից Անահիտ Տերտերյանը հանդես կգա «Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգ․ ինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին» զեկույցով՝ ներկայացնելով առկա վիճակագրությունը և խնդիրները:
Նախատեսված են նաև երկու պանելային քննարկումներ․ ուշադրության կենտրոնում կլինի այն, թե ինչպես քոլեջները կարող են համապատասխանեցնել իրենց ուսումնական ծրագրերը արդյունաբերության զարգացող կարիքներին՝ ապահովելով հմուտ աշխատուժ և նպաստելով տնտեսության աճին։
Հաջորդիվ բանախոսները կքննարկեն, թե ինչպես են քոլեջներում ներդրումները վերածվում չափելի տնտեսական արդյունքների՝ ներառյալ արտադրողականության բարձրացումը, գործազրկության կրճատումը և ՀՆԱ-ի աճը:
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ՀԱՀ ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը:
Հիմնադրման 15-ամյակի առթիվ առաջիկա ամիսներին ՈԱԱԿ-ը պլանավորում է շահակիցների լայն շրջանակների մասնակցությամբ տարբեր միջոցառումներ կազմակերպել: