Դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
Նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, Հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների արդյունքում վերհանված միջազգայնացման և հետազոտության իրականացման խնդիրները, ինչպես նաև անցումը ծրագրային հավատարմագրման գործընթացին:
Նշված հարցերին կանդրադառնան հավատարմագրման գործընթացին մասնակից տեղացի և միջազգային փորձագետները, Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, ՈԱԱԿ-ի աշխատակիցները, դասախոսներն ու ուսանողները:
Մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աշոտ Սաղյանը:
Համաժողովի առաջին օրը նվիրված կլինի ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում բացահայտված խնդիրներին և լուծման ուղիներին: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց կներկայացնի «Որակի ապահովումը որպես փոփոխությունների կառավարում» թեմայով:
Կքննարկվեն որակի ապահովման գործընթացների ազդեցությունը կրթական համակարգի վրա, արդյունքներն ու ակնկալիքները: Անդրադարձ կկատարվի նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների իրականացմանը, կներկայացվի ինստիտուցիոնալ հավատարմագրման Ամերիկյան համալսարանի փորձը, ինչպես նաև գիտական հետազոտության, միջազգայնացման, ՄՈՒՀ-երի և կրթական ծրագրերի արդյունավետ կառավարման հաջողված փորձերը:
Ապա համաժողովը կշարունակվի աշխատաժողովների տեսքով, որտեղ միջազգային ու հայաստանյան հեղինակավոր փորձագետները կներկայացնեն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման մեխանիզմները և փորձագիտական աշխատանքի մեթոդաբանության հիմնախնդիրները:
Համաժողովի երկրորդ օրը կքննարկվեն ծրագրային հավատարմագրման մոտեցումներն ու խնդիրները, կներկայացվի ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, ծրագրային հավատարմագրման կազմակերպման առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ որակի ապահովումը կրթական ծրագրի վերլուծության միջոցով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման ֆինանսական քաղաքականությունը:
Այնուհետև արտասահմանյան փորձագետները կներկայացնեն ծրագրային հավատարմագրման գործընթացքում ինքնավերլուծության արդյունավետ իրականացման միջազգային փորձը:
Մինչ համաժողովը, Որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Տեմպուս»-ի ARARAT ծրագրի ներկայացումը, որտեղ քննարկվեց բուհ-գործատու կապի ամրապնդման առկա մարտահրավերները և լուծման ուղիները: Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ALIGN, ARMENQA, TNE_QA ծրագրերի ձեռքբերումների և մարտահրավերների քննարկումը: Միջոցառման ժամանակ տեղացի և միջազգային գործընկերները անդրադարձան Որակավորումների նոր շրջանակին և դրա համապատասխանությանը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, իսկ Ֆրանսիական համալսարանի գործընկերները ներկայացրեցին ՀՀ-ում տրանսազգային կրթության ճանաչման խնդիրները: Դեկտեմբերի 3-ին ամփոփվեցին «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները, քննարկվեց գործընթացի ազդեցությունը որակի ներքին ապահովման համակարգերի զարգացման վրա:
«Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը, «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, և TNE-QA ծրագրերը:
«Որակի ապահովման շաբաթի» ինֆորմացիոն հովանավորներն են Հանրային ռադիոն, «Առավոտ» օրաթերթը և «Անկախ» շաբաթաթերթը:
Համաժողովը տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան համալսարանի ‹‹Փարամազ Ավետիսյան›› մասնաշենքի ‹‹Մանուկյան›› դահլիճում:
Որակի ապահովման շաբաթի մասին մանրամասների համար կարող եք այցելել www.anqa.am/qweek կայքէջ