Սեպտեմբերի 18-ից 20-ը Շվեդիայի բարձրագույն կրթության գործակալությունը (UKÄ) Ստոկհոլմում հյուրընկալեց ENQA առաջնորդության զարգացման ծրագրի 2024 թվականի երկրորդ դասընթացը: Մասնակիցների թվում էր ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:
ENQA անդամ որակի ապահովման գործակալությունների ներկայացուցիչները դասընթացի շրջանակներում ուսումնասիրել են․
- կազմակերպչական մշակույթն ու առաջնորդության դերը որակի ապահովման գործակալություններում,
- բարձրագույն կրթության ոլորտում զարգացումները, որոնք ազդում են որակի ապահովման գործընթացների վրա։
Մասնակիցները առաջնորդությանը նվիրված քննարկում են ունեցել հյուրընկալող որակի ապահովման գործակալության ղեկավարի հետ։ Հստակեցվել է նաև խմբային նախագծերի իրականացման ընթացքը, քննարկվել են առկա արդյունքները և առաջիկա անելիքները: Նշենք՝ Վարդուհի Գյուլազյանն ներգրավված է «Թվային գործիքների, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործումը բարձրագույն կրթության և որակի ապահովման մեջ» թեմայով խմբային նախագծում, որը ղեկավարում է NVAO Flanders-ի գործադիր տնօրեն Աքսել Աերդենը։ Մասնակիցները կներկայացնեն իրենց հետազոտությունը նախագծի ավարտին:
2018 թվականից մեկնարկած ENQA Առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է ENQA անդամ գործակալությունների` ղեկավար պաշտոն զբաղեցնող և մասնագիտական մեծ պոտենցիալ ունեցող մասնագետների համար։ Ծրագրի նպատակն է կատարելագործել մասնակիցների առաջնորդական հմտությունները, տրամադրել տեղեկատվություն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում զարգացումների մասին և նպաստել միջազգային համագործակցությանը:
Ավելի վաղ՝ հունիսի 5-ից 7-ը, Բուդապեշտում տեղի էր ունեցել դասընթացի առաջին փուլը «Բարձրագույն կրթության միտումները և զարգացումները որակի ապահովման գործակալությունների համատեքստում» թեմայով։
Վ․ Գյուլազյանի մասնակցությունն այս հեղինակավոր ծրագրին հնարավոր է դարձել Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի շնորհիվ: