Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հնգօրյա վերապատրասում է իրականացնում «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շահակից ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար։
Վերապատրաստմանը մասնակցում են ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբեր Հայաստանում ֆրանսիական, Եվրասիա միջազգային, Հյուսիսային և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններից։ Նպատակն է բուհերին նախապատրաստել ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Հնգօրյա վերապատրաստման ընթացքում բուհերի մասնագետները կուսումնասիրեն ինքնավերլուծության իրականացման գործիքները, այդ թվում և SWOT վերլուծության գործիքի կիրառմամբ կիրականացնեն ինքնավերլուծություն։
Այնուհետև կուսումնասիրեն ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները, դրանց վերլուծության սկզբունքները, կծանոթանան տվյալների հավաքագրման, վերլուծության և արդյունավետ գնահատման մեխանիզմներին։ Դասընթացի մասնակիցներին կներկայացվի նաև ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշումների կայացման քաղաքականությունը։
Նշենք, որ դասընթացի շրջանակներում լինելու են թե տեսական դասախոսություններ և թե գործնական առաջադրանքներ, որոնց շրջանակներում մասնակիցները կիրառելու են իրենց սովորածը՝ ստանալով հետադարձ կապ վերապատրաստող մասնագետներից։
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի (հունվար-ապրիլ, 2021) նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։
Ծրագրի արդյունքում շահակից բուհերում կբարելավվեն ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները, կամրապնդվի որակի շարունակական բարելավման մշակույթը։
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ։