«Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում մեկնարկել է հերթական վերապատրաստումը, որին մասնակցում են շուրջ 25 ուսանողներ ինչպես քոլեջներից, այնպես էլ բուհերից: Վերապատրաստվող մասնակիցներից լավագույնները կընդգրվեն ՈԱԱԿ փորձագիտական բազայում։ Խմբում ներգրավված ուսանողներն իրենց կարողությունները կկարողանան օգտագործել նաև առաջիկայում հավատարմագրվող իրենց ուսումնական հաստատությունների ինքնավերլուծության աշխատանքներում ներգրավվելով։
Դասընթացի շրջանակներում ուսանողները ծանոթանում են որակի ներքին և արտաքին համակարգերի առանձնահատկություններին, հավատարմագրման գործընթացին և կիրառվող չափանիշներին։
Առաջիկա հանդիպումների ընթացքում ուսանողները քննարկումների և դերային խաղերի միջոցով պատկերացում կկազմեն գործընթացի բոլոր փուլերի մասին։ Ուսումնասիրելով իրական ինքնավերլուծություններ՝ կիրականացնեն նախնական գնահատում, վեր կհանեն կանխավարկածներ, կկատարեն փորձագիտական այց և կպատրաստեն զեկույցներ։
Դասընթացի ավարտին ուսանողները կստանան մասնակցությունը հավաստող վկայականներ։