«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շահակից ՄՈՒՀ-երը քայլ առ քայլ պատրաստվում են հավատարմագրման․ ավարտվեց ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հնգօրյա վերապատրաստումը 4 բուհերի ինքնավերլուծություն իրականացնող թիմերի համար։
Հնգօրյա վերապատրաստման ընթացքում բուհերի մասնագետներն ուսումնասիրել են ինքնավերլուծության իրականացման գործիքները, SWOT վերլուծության գործիքի կիրառմամբ փորձնական ինքնավերլուծություն են իրականացրել։ Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները, դրանց վերլուծության սկզբունքները, տվյալների հավաքագրման, վերլուծության և արդյունավետ գնահատման մեխանիզմները։
Առաջիկայում բուհերի ինքնավերլուծություն իրականացնող խմբերը SWOT վերլուծություն կիրականացնեն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների տիրույթների՝ վեր հանելով իրենց ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները։
Իսկ այդ ընթացքում ՈԱԱԿ մասնագետները յուրաքանչյուր ուսումնական հաստատությունից երկուական աշխատակցի կվերապատրաստեն որպես փորձագետ, որոնք այնուհետև ՈԱԱԿ մասնագետների հետ միասին իրենց ուսումնական հաստատության արտաքին գնահատում կիրականացնեն։
Արդյունքում բուն հավատարմագրմանը նախապատրաստվելիս ՄՈՒՀ-ը կունենա ինքնավերլուծության կարողություններ ունեցող և արդեն փորձված թիմ, ինչպես նաև փորձագետներ, որոնք իրենց իսկ ուսումնական հաստատության գործունեությունը դիտարկել են որպես արտաքին գնահատող և այդ դիտանկյունից կարող են բարելավմանը միտված գործողություններ առաջարկել։
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի (հունվար-ապրիլ, 2021) նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։
Ծրագրի արդյունքում շահակից բուհերում (Հայաստանում ֆրանսիական, Եվրասիա միջազգային, Հյուսիսային և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ) կբարելավվեն ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները, կամրապնդվի որակի շարունակական բարելավման մշակույթը։
Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ։