Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) մեկնակել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների փորձագետների վերապատրաստման դասընթացը։ Մասնակիցները ՈԱԱԿ փորձագիտական բազայում գրանցված բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ են։
Նպատակն է ունենալ փորձագետներ, որոնք քոլեջների հավատարմագրման ժամանակ հիմնավորված, անկախ և անկողմնակալ արտաքին գնահատում կիրականացնեն։
Եռօրյա դասընթացի շրջանակներում կքննարկվեն ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակները, կներկայացվեն փորձագետի աշխատանքի փուլերն ու առանձնահատկությունները։ Գործնական աշխատանքի և դերային խաղերի միջոցով փորձագետները կիրականացնեն պայմանական ուսումնական հաստատության ինքնավերլուծության նախնական գնահատում, տեղի կունենա փորձագիտական այց և հանդիպում ՄՈՒՀ-ի շահակիցների հետ, ապա կկազմվի փորձագիտական նախնական զեկույց։
Նշենք, որ փորձագետների վերապատրաստումները ՈԱԱԿ-ում պարբերական բնույթ են կրում։ Փորձագետին ներկայացվող պահանջներին ծանոթանալու և փորձագիտական բազայում գրանցվելու համար կարող եք այցելել ՈԱԱԿ կայքի «Փորձագետներ» բաժին։