Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն այսօր վերապատրաստում իրականացրեց այն 5 քոլեջների աշխատակազմերի համար, որոնք ընթացիկ տարում պետական ֆինանսավորմամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու։ Այդ քոլեջներն են Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը, Դիլիջանի պետական բժշկական քոլեջը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը։
ՈԱԱԿ մասնագետները քոլեջների աշխատակիցներին ներկայացրեցին, թե որոնք են ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշները և ինչպես պետք է վերլուծել դրանք։ Անդրադարձ կատարվեց ինքնավերլուծության սկզբունքներին։ Շեշտվեց, որ ինքնավերլուծության շրջանակներում ուսումնական հաստատությունը պետք է փաստերով և առկա տվյալների վերլուծությամբ հիմնավորի, թե ինչպես է ապահովում շնորհվող որակավորումների արժանահավատությունը, որքանով է արդյունավետ քոլեջի կառավարումը և ինչպես է դա ապահովվում, ինչպես է իրականացվում քոլեջի զարգացումը, ինչպես է ՄՈՒՀ-ը հավաստում ուսանողների և շրջանավարտների մոտ հետազոտական և պրակտիկ կարողությունների ձեռքբերումը և այլն։
Քանի որ քոլեջներն առաջիկայում SWOT վերլուծություն են իրականացնելու, անդրադարձ կատարվեց ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների դուրսբերման և դրանց հիմնավորման մոտեցումներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարի լրացման ուղեցույցը, անդրադարձ կատարվեց հարցերին, որոնք ուսումնական հաստատությունների մոտ հաճախ են առաջանում հարցաշարը լրացնելիս։ Նշենք, որ ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարը լրացնելը հավատարմագրման դիմելու կարևոր նախապայման է։