Հունիսի 17-19-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵԹԿՊԻ պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը։ Խմբի անդամներն են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Յասաման Ավագյանը, Երևանի Տարածաշրջանային N 1 պետական քոլեջի Արհեստագործական ամբիոնի վարիչ, արտադրական ուսուցման վարպետ Սուդարիկ Պետրոսյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Անգելինա Տոնոյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագետներն արդեն հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, կառավարման խորհրդի անդամների, ամբիոնների վարիչների, դասախոսների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ, իրականացրել են ռեսուրսների դիտարկում։
Հաջորդիվ տեղի կունենան հանդիպումներ քոլեջի ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների հետ, ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ, կիրականացվի պրակտիկաների և ավարտական քննությունների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Զբոսաշրջություն» և «Խոհարարական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: Նշենք՝ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը 2022-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։