Հունիսի 18-20-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Ստեփանավանի Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Քրիստինե Հակոբյանը։ Խմբի անդամներն են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի կրթության որակի ապահովման պատասխանատու Աիդա Դաբաղյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս Ալիսա Գրիգորյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող Արամ Հակոբյանը։ Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի շրջանակներում փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, կառավարման խորհրդի անդամների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ամբիոնների վարիչների, դասախոսների, գործատուների, ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների հետ, իրականացրել են ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Մենեջմենթ», «Անասնաբուժություն» և «Կաթ, կաթնամթերքի տեխնոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այսօր փորձագետները կդիտարկեն քոլեջի ավարտական քննությունները, հանդիպում կունենան որակի ապահովման պատասխանատուների, մի շարք ներքին և արտաքին շահակիցների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Ստեփանավանի Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը 2021-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։