Հունիսի 19-21-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս Գագիկ Քթրյանը։ Խմբի անդամներն են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և ՀՀ ՆԳ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Մարինա Փոթիկյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, «Ալեքս Տեքստիլ» ՓԲԸ հագուստի կոնստրուկտոր Օլյա Ավետիսյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Արտակ Խաչատրյանը։ Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագետներն արդեն հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, կառավարման խորհրդի անդամների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, գործատուների և շրջանավարտների ներկայացուցիչների հետ, իրականացրել են ռեսուրսների դիտարկում։ Հաջորդիվ տեղի կունենան հանդիպումներ քոլեջի ուսանողների, դասախոսների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման պատասխանատուների, ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Սոցիալական աշխատանք» և «Հագուստի մոդելավորում և նախագծում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը 2021-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։