Մայիսի 27-30-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵԹԿՊԻ պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը: Խմբի անդամներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի» ծրագրերի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Սիրականյանը, ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Կարաբեկյանը, Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի բարձրագույն կրթության փորձագետ, տնտեսագիտության դոկտոր,Վարշավայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Միսչեսլավ Սոխան, Վանաձորի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի ուսանող Արփինե Հակոբյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների հետ: Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի կունենան նաև դեկանների, ամբիոնների վարիչների,ստորաբաժանումների ղեկավարների, ՄԿԾ-ների պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցի երկրորդ օրը մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Կենսաբանություն», «Սերվիս» և «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2016-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի, իսկ 2022-ին՝ 2 տարի ժամկետով: