Ապրիլի 11–14–ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը հավատարմագրման գործընթացների շրջանակներում Հյուսիսային համալսարանում է։
Սա համալսարանի երրորդ հավատարմագրումն է։ Վերջին անգամ համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրում անցել է 2018թ․։
Փորձագիտական խմբի առաջին օրը հանդիպումներ են եղել համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի, դեկանների, գործատուների և շրջանավարտների հետ։
Փորձագիտական խումբը ղեկավարում է Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմենուհի Սարգսյանը։ Փորձագիտական խմբի անդմաներն են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հասարակագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գեղեցիկ Գրիգորյանը, Եվրոպական համալսարանի դասախոս, Միջազգային բիզնես դպրոցի գործադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հովհաննես Երիցյանը, ԵՊՀ Հանրային կառավարում բաժնի ուսանողուհի Շուշան Դավեյանը։ Միջազգային փորձագետն է Վրաստանում Բրիտանական համալսարանի Որակի ապահովման բաժնի ղեկավար Գագա Գվենետաձեն։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Նշենք նաև՝ ՈԱԱԿ փորձագետները ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում դիտարկում են նաև մասնագիտական կրթական ծրագրեր։ Այս շրջափուլում առանձին մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունենալու նաև «Կառավարում», «Իրավագիտություն», «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Այցից հետո փորձագիտական խումբը զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, և բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Բուհն իր հերթին, հիմնվելով փորձագիտական զեկույցի վրա, կկազմի բարելավման ծրագիր: ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովն որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների և փորձագետների հետ: