Սեպտեմբերի 13-16-ը տեղացի և միջազգային փորձագետներից կազմված փորձագիտական խումբն այց է կատարում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոն։ Համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ այցը տեղի է ունենում հիբրիդային տարբերակով, և միջազգային փորձագետը աշխատում է առցանց տարբերակով։
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպել են Կենտրոնի վարչական ղեկավարության, ինքնավերլուծության խմբի, գործատուների և շրջանավարտների հետ։
Փորձագիտական այցից առաջ՝ նախնական գնահատման ընթացքում, խումբը իրականացրել է նաև փաստաթղթերի և կենտրոնի կողմից լրացված էլեկտրոնային հարցաշարի ուսումնասիրություն, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում և ամբիոններում տեղակայված ռեսուրսների դիտարկում: Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներին զուգահեռ կիրականացնի նաև դասալսումներ՝ դիտարկելու ուսանողի գնահատումը, մասնագիտական պրակտիկ կարողությունների ու հմտությունների ձևավորման գործընթացը։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որում կմատնանշեն ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն՝ ըստ հավատարմագրման 10 չափանիշների։
Փորձագիտական խումբը ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս Մենուա Սողոմոնյանը։ Փորձագիտական խմբի անդամներն են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի դասախոս Սոնա Տոնիկյանը, Գավառի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոն վարիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Դասախոսների վերապատրաստման և շարունակական կրթության կենտրոնի դասախոս Վարազդատ Ավետիսյանը, ԵՊՀ «Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի ուսանող և Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ Սոնա Անտոնյանը: Միջազգային փորձագետն է Ֆրանսիայի Կլերմոն Օվերն համալսարանի Գենետիկայի, վերարտադրման և զարգացման ինստիտուտի պրոֆեսոր Ժան-Մարկ Լոբակարոն:
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Արտաքին գնահատումից հետո բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, Կենտրոնի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և բարելավման ծրագրի վրա։
Հիշեցնենք՝ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնը հավատարմագրում էր ստացել 2017թ․։