ՀՀ ՊԿԱ–ի վերահավատարամագրման շրջնակներում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի հունվարի 9–12–ն ընկած ժամանակահատվածում։
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Հերմինե Գրիգորյանը՝ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդամներն են՝ Սոնա Մակիչյանը՝ ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով, Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու։ Գուրգեն Հովհաննիսյանը՝ ԵՊՀ Գիտական քաղաքականության վարչության առաջատար մասնագետ, ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ուսանող փորձագետն է Եվրասիա միջազգային համալսարանի, իրավագիտության ֆակուլտետի 2–րդ կուրսի ուսանող Մարինե Կարապետյանը, իսկ որպես միջազգային փորձագետ խմբում ընդգրկված է Միչեսլավ Սոխան՝ Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու:
ՈԱԱԿ փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է Վարդուհի Գյուլազյանը՝ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ ՊԿԱ ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ՀՀ ՊԿԱ Խորհրդի ներկայացուցիչների, շրջանավարտների և գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները Ակադեմիայի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հանրային կառավարում», «Կառավարման հոգեբանություն», և «Իրավագիտություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է բուհի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել էր 2020 թվականին՝ 2 տարի ժամկետով։