Երևանի պետական համալսարանը վերահավատարմագրվում է: Հունիսի 14-18-ին տեղացի և միջազգային փորձագետներից կազմված փորձագիտական խումբը այց է կատարում համալսարան: Համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ այցը տեղի է ունենում հիբրիդային տարբերակով, և միջազգային փորձագետները միանում են փորձագիտական այցին առցանց տարբերակով:
Այցի առաջին օրը փորձագետներն արդեն հանդիպումներ են ունեցել բուհի վարչական ղեկավարության, ինքնավերլուծության խմբի, գործատուների և շրջանավարտների ու կարիերայի կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում փորձագետները կգնահատեն բուհի գործունեությունը Կառավարության կողմից հաստատված 10 չափանիշներով, կդիտարկեն նախորդ հավատարմագրումից հետո ունեցած ԵՊՀ առաջընթացը, ինչպես նաև բարելավման ծրագրերի իրականացումը և առկա արդյունքները։ Այդ նպատակով փորձագիտական խումբը հանդիպումներ և քննարկումներ կունենա նաև բուհի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների, վարչական ղեկավարության, որակի ապահովման կենտրոնի մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների հետ։
Փորձագիտական այցից առաջ նախնական գնահատման ընթացքում խումբը իրականացրել է նաև փաստաթղթերի և բուհի կողմից լրացված էլեկտրոնային հարցաշարի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում և դասալսումներ՝ դիտարկելու ուսանողի գնահատումը, մասնագիտական պրակտիկ կարողությունների ու հմտությունների ձևավորման գործընթացը։ Բուհի ենթակառուցվածքներն ու ռեսուրսները տեսանյութերի ձևով նույնպես ներկայացվել են փորձագետներին՝ դրանց վերաբերյալ համապարփակ պատկերացում ստանալու համար:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որում կմատնանշեն ԵՊՀ ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն՝ ըստ հավատարմագրման 10 չափանիշների։
ԵՊՀ փորձագիտական խմբի ղեկավարն է 2014-2018 թթ. ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:
Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, «Կրթության և որակի ապահովման եվրոպական ռեսուրսներ» բելգիական ընկերության (EUREQA) տնօրեն Ստեֆան Դելպլասը, Ֆրանսիայի Կլերմոն Օվերն համալսարանի Գենետիկայի, վերարտադրման և զարգացման ինստիտուտի Կենսաբանության ֆակուլտետի փոխդեկան Ժան-Մարկ Լոբակարոն և Հայ-ռուսական համալսարանի Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի ասպիրանտ Վաչե Ղարիբյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Արտաքին գնահատումից հետո բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և բարելավման ծրագրի վրա։
Նշենք, որ ԵՊՀ-ն 6 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։