Ապրիլի 16-18-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի անդամներն են Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կրթության որակի ապահովման պատասխանատու Արաքս Աղաջանյանը, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Գայանե Համբարձումյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող Մարիա Կիրակոսյանը: Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի և մի շարք այլ ներքին և արտաքին շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և համակարգչային ցանցեր» և «Մեխատրոնիկա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը 2021-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։