Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերահավատարմագրվում է։
Մայիսի 20-23-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետները այց կիրականացնեն ԵՊԲՀ։
Այցի առաջին օրը փորձագետներն արդեն հանդիպում են ունեցել բուհի վարչական ղեկավարության հետ։
«Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը ԵՊԲՀ համար կենսական նշանակություն ունի»,- փորձագիտական խմբի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նա շեշտեց, որ աշխարհի շատ երկրներում հավատարմագրված բուհի շրջանավարտ լինելը աշխատելու պարտադիր պայման է բժիշկների համար, իսկ ԵՊԲՀ-ն միջազգայանցված ուսումնական հաստատություն է։
Այցի ընթացքում փորձագետները կգնահատեն բուհի գործունեությունը Կառավարության կողմից հաստատված 10 չափանիշներով, կդիտարկեն ԵՊԲՀ առաջընթացը նախորդ հավատարմագրումից ի վեր, ինչպես նաև բարելավման ծրագրերի իրականացումը և առկա արդյունքները։ Այդ նպատակով փորձագիտական խումբը հանդիպումներ և քննարկումներ կունենա բուհի հոգաբարձուների խորհրդի, վարչական ղեկավարության, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, տեղացի ու միջազգային ուսանողների ու շրջանավարտների հետ։ Խումբը կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում և դասալսումներ, կդիտարկի ուսանողի գնահատումը, մասնագիտական պրակտիկ կարողությունների ու հմտությունների ձևավորման գործընթացը։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որում կմատնանշեն ԵՊԲՀ ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։
ԵՊԲՀ փորձագիտական խմբի ղեկավարն է Հայ-ռուսական համալսարանի դասախոս, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարիամ Մոմջյանը:
Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) խորհրդական, Ղազախ-ռուսական բժշկական համալսարանի խորհրդատու, բժշկական գիտությունների դոկտոր Ֆարիդա Նուրմանբետովան, Հնդկաստանի Քաղցկեղի բուժման Մաքս ինստիտուտի կլինիկական ղեկավար և գլխավոր խորհրդական, օնկոլոգ-վիրաբույժ Արխիտ Պանդիտը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանը, ՀԱԱՀ ուսանող Իվետա Արզումանյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։
Արտաքին գնահատումից հետո բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։
Նշենք, որ ԵՊԲՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։