Դեկտեմբերի 2-4-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականանում Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ավետիսյանը: Խմբի անդամներն են մանկավարժական գիտությունների թեկնածու, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը, ՀԱԱՀ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում`օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրի ուսանող Անգելինա Տոնոյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և ամբիոնների վարիչների հետ, իրականացվել է ռեսուրսների դիտարկում:
Տեղի կունենան հանդիպումներ նաև ուսանողների և շրջանավարտների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ, կիրականացվեն դասալսումներ։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի կունենան «Կաթի, կաթնամթերքի տեխնոլոգիա», «Անասնաբուժություն» և «Գյուղատնտեսության մեքենայացում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա քոլեջը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Գորիսի պրոֆեսոր Խ.Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը 2021-ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: