Սեպտեմբերի 16-18-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում կիրականացնի Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ԵԹԿՊԻ պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը: Խմբի անդամներն են ՀԱԱՀ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ելենա Մարտիրոսյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության ուսանող Ինգա Հարությունյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների հետ: Այցի մյուս օրերին նախատեսված են հանդիպումներ ամբիոնների վարիչների, որակի պատասխանատուի, դասախոսների և ուսանողների ներկայացուցիչների, ինչպես նաև ներքին և արտաքին այլ շահակիցների հետ: Փորձագետները քոլեջում կիրականացնեն դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Տեղի կունենան մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը 2021-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։