Ապրիլի 14-16-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Արարատի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բադալյանը։ Խմբի անդամներն են ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Օլեգ Գևորգյանը, ՀԱԱՀ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Էլինա Գրիգորյանը, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Կարինե Մխիթարյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի և մի շարք այլ ներքին և արտաքին շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում քննարկումներ տեղի կունենան «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» , «Համակարգչային գեղարվեստական նախագծում» և «Գինեգործություն և հյութերի արտադրություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Արարատի պետական քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ 2021-ին Արարատի պետական քոլեջին շնորհվել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։