Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Ավանդական բժշկության համալսարանում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը: Խմբի անդամներն են Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի Բժշկական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Սուքիասյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ավագ դասախոս Վարդուհի Խաչատուրյանը, Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) փորձագետ, Կանանց գիտական ասոցիացիայի նախագահ, «Գեոմեդի» համալսարանի դասախոս Նինո Չիչվեիշվիլին, Հայկական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Մարիա Գալստյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, տեղացի և արտասահմանցի շրջանավարտների, գործատուների հետ: Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի կունենան նաև ամբիոնների վարիչների,ստորաբաժանումների ղեկավարների, ՄԿԾ-ների պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցի երրորդ օրը մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2021-ի հունվարին Ավանդական բժշկության համալսարանին շնորհել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: