Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից մեկը Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին բուհի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկեցին դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը 2015-ին և 2021-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։