Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) մասին տեղեկությունների բազա ձևավորելու և համագործակցությունը զարգացնելու նպատակով մշակել է էլեկտրոնային հարցաթերթ։ Դրա վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով, ինչպես նաև մինչև հուլիսի 1-ն այն լրացնելու նպատակով հարցաթերթն ուղարկվել է մի քանի ՄՈՒՀ-երի՝ ՈԱԱԿ-ի հետ կապի պատասխանատուներին։
Այսպիսով՝ ուսումնական հաստատությունների մասին պաշտոնական ու հավաստի տեղեկություններով ձևավորվելիք բազայի շնորհիվ հնարավորություն կստեղծվի ամբողջական պատկերացում կազմել մեր հանրապետությունում մասնագիտական կրթական հաստատությունների առկա վիճակի ու խնդիրների վերաբերյալ։ Այն կնպաստի նաև պետական հավատարմագրման հետագա գործընթացների առավել հստակ, համակարգված ու թափանցիկ կազմակերպմանը։ Հարցաթերթը բաղկացած է երկու մասից։ Առաջինում ՄՈՒՀ-երը պետք է ներկայացնեն ընդհանուր տվյալներ, ինչպես օրինակ՝ հիմնադրման, ղեկավարի, գործունեության իրավական հիմքերի, հավատարմագրերի, իրականացվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի մասին։ Երկրորդ՝ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների բաժնում ներկայացվելու են տվյալներ ուսումնական հաստատության կառավարման ու գիտական խորհուրդների, բուհում գործող այլ կառույցների, վարչական կառուցվածքի, ֆակուլտետների ու ամբիոնների մասին: Ընդ որում, յուրաքանչյուր ՄՈՒՀ-ի համար ստեղծվել է առանձին հարցաշարի էջ, որը կարող է լրացվել և լրամշակվել միայն տվյալ ՄՈՒՀ-ի պատասխանատուի կողմից՝ համապատասխան գաղտնաբառի գործածմամբ։
Ի դեպ, համակարգի բարեփոխումներում ակտիվություն ցուցաբերող երկու բուհեր՝ Երևանի պետական և ճարտարապետաշինարարական համալսարանները ոչ միայն արձագանքել, այլև արդեն սկսել են լրացնել հարցաշարը։ Ներկայացված հարցաշարի երկու բաժիններն առաջին քայլն են տեղեկատվական հնարավորինս լայն բազայի ձևավորման գործում։ Այժմ կենտրոնում մշակվում են դրա մյուս բաղադրիչները, որոնցում կներառվեն բուհի ողջ գործունեությունն արտացոլող տվյալներ։