ՈԱԱԿ-ը, ռազմավարական նպատակ ունենալով ՄԿԾ-ների և շրջանավարտների հետագծի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, սեպտեմբերի 30-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում իրականացրեց կրթական ծրագրերի մշտադիտարկում։ Այցի շրջանակում հանդիպումներ կայացան համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների և «Թարգմանչական գործ» կրթական ծրագրի պրոֆեսորդասախոսական կազմի ու ուսանողների հետ։
Բուհի ղեկավար կազմի հետ քննարկվեց ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո համալսարանի ունեցած առաջընթացը, բարելավման պլանի իրականացման ընթացքը և առաջիկա քայլերը։
Քննարկվեցին հետևյալ ուղղությունները․
- հաստատության ֆինանսական կայունությունը,
- երկրի առաջնահերթություններին համապատասխան նոր կրթական ծրագրերի ներդրումը,
- բազմադիսցիպլինար միջավայրում ուսանողներին տրվող առաջադրանքների ձևաչափի փոփոխությունը,
- կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի շեշտադրումը,
- դասախոսների կողմից իրենց դասավանդման մոտեցումների և մեթոդների վերլուծությունների իրականացումը,
- ուսանողների մոտ մասնագիտական մտածողության ձևավորումը,
- որակի ներքին ապահովման կառույցի կողմից առաջանցիկ ուսումնասիրությունների կատարման անհրաժեշտությունը և դրա կիրառումը որոշումների կայացման մեջ։
Կրթական ծրագրերի բարեփոխումների խրախուսումը և շրջանավարտների մասնագիտական հետագծի ուսումնասիրումը ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկումների հիմնական ուղղություններից է։