Որո՞նք են ՀՀ ՄԿՈՒ համակարգի ուժեղ կողմերը, ի՞նչ մարտահրավերների ենք առնչվում և ինչպե՞ս կարող ենք բարելավել ձևավորող գնահատումը՝ մեծացնելու շրջանավարտների զբաղվածությունը և կարողությունների համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին․ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) անդամ երկրների փորձագետներն այսօր ամփոփեցին մայիսի 21-23-ը տեղի ունեցած ՀՀ ՄԿՈՒ համակարգի արտաքին գործընկերային գնահատումը և բարելավման խորհրդատվություններ ներկայացրին։ Իսկ Իսրայելը և Վրաստանը ներկայացնող փորձագետները ՈԱԱԿ առաջարկով լրացուցիչ զեկույցներով ներկայացրին իրենց ՄԿՈՒ համակարգի անցած ճանապարհը և ձևավորող գնահատման կիրառման փորձը։
«Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով ֆորումի ամփոփմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ, ՈԱԱԿ և պետական ու ոչ պետական քոլեջների ներկայացուցիչները։
ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շեշտեց, որ ՀՀ ՄԿՈՒ համակարգը ներկայում գտնվում է բարեփոխումների կիզակետում, և ETF անդամ երկրների փորձը և ֆորումի շրջանակներում ստացված բարելավման խորհրդատվությունները կարող են տեղայնացվել, իրավական ուժ ստանալ և ծառայել ՄԿՈՒ որակի բարելավմանը։ Նա վստահություն հայտնեց, որ համալիր գործողությունների արդյունքում կունենանք կրթության ակնկալվող որակը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց ստացած արձագանքը ՀՀ ՄԿՈՒ համակարգի հետագա բարելավման տեսանկյունից։ «Մեր գործընկերները ներկայացրին իրենց երկրների փորձը՝ ձգտելով այն կապել մեր իրականության հետ։ Առաջիկայում ՈԱԱԿ-ը ԿԳՄՍՆ-ի հետ կաշխատի խորհրդատվությունների տեղայնացման ուղղությամբ։ Արդեն իսկ նախնական քննարկում ունեցել ենք խորհրդատվություններից մի քանիսի առնչությամբ»,- ասաց պարոն Թոփչյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 21-23-ը Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալում էր ETF ՄԿՈՒ որակի ապահովման ֆորումը, որը ՈԱԱԿ-ի առաջարկով կրում էր «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագիրը։ Երեք օրերի ընթացքում միջազգային փորձագետները հանդիպումներ են ունեցել ՀՀ ՄԿՈՒ համակարգի տարբեր շահակիցների՝ ՀՀ ԿԳՄՍՆ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների, հավատարմագրման փորձագետների, գործատուների, գործատու-դասախոսների, ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար կազմի, կրթական ծրագրերի ղեկավարների, կարիերայի կենտրոնների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուների, ուսանողների հետ, ևս երեք ՄԿՈՒ հաստատություններում մասնագիտական քննարկումներ են ունեցել ՝ տեղում դիտարկելով ձևավորող գնահատման օրինակներ։
ETF-ի որակի ապահովման ֆորումը գործարկվել է 2017թ․-ին։ Ֆորումը միջազգային համագործակցության նախաձեռնություն է ՄԿՈՒ հաստատությունների որակի արտաքին ապահովման գործընթացներ իրականացնող 16 ազգային կառույցների միջև: Ակնկալվում է, որ գործընկերային այցը կնպաստի ՀՀ ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման համակարգի արդիականացմանն ու բարելավմանը և Հայաստանում առկա լավագույն փորձի միջազգայնացմանը: ՈԱԱԿ-ը ETF որակի ապահովման ֆորումին անդամակցում է 2020 թվականից։