Նոյեմբերի 19-21-ը Բելգրադում տեղի ունեցավ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈՒ որակի ապահովման ֆորումը, որը համախմբել էր ETF գործընկերներին՝ քննարկելու և փոխանակելու կարիերայի ուղղորդման և խորհրդատվական ծառայությունների որակի ապահովման ոլորտում ունեցած իրենց լավագույն փորձը։
Հայաստանը Սերբիայի ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատման գործընթացում ներկայացրել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի կարիերայի պատասխանատու Անուշ Ստեփանյանը:
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.
- Կարիերայի ուղղորդման ծառայությունների կազմակերպում. ինչպես աջակցել ուսանողներին մասնագիտական կրթության ընտրության և աշխատաշուկայում կողմնորոշվելու հարցում:
- Որակի ապահովման մեխանիզմներ. ինչպես գնահատել և բարելավել ուսումնական հաստատություններում տրվող խորհրդատվական ծառայությունների արդյունավետությունը:
- Աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող համակարգերի զարգացում. ինչպես ստեղծել արդյունավետ համագործակցություն կրթության և գործատուների միջև:
Մասնակիցները նաև այցելել են Սերբիայի առաջատար միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղում ծանոթանալով կարիերային միտված խորհրդատվության կազմակերպման ազգային մոդելին:
Հիշեցնենք, որ ETF ՄԿՈՒ որակի ապահովման նախորդ ֆորումը հյուրընկալել էր Հայաստանը: Այս տարվա մայիսին ETF փորձագետները ՀՀ ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատում են իրականացրել՝ շեշտադրելով ձևավորող գնահատմումը և դրա արդյունավետ կիրառումը:
Գործընկերային այցերը հնարավորություն են տալիս անդամ երկրներին փոխանակվել լավագույն փորձով, քննարկել մարտահրավերները և համատեղ մշակել լուծումներ՝ ուղղված մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ու շրջանավարտների մրցունակության ապահովմանը: