Մարտի 1-ից 3-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Աղվերանում անցկացրեցին եռօրյա սեմինարների շարք` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ:
Սեմինարին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, NVAO–ի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձնական ինստիտուտցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակից բուհերի ներկայացուցիչներից կազմված թիմեր:
Հիշեցնենք, որ սեմինարով մեկնարկեց հայաստանյան 8 խոշոր բուհերին հավատարմագրելու գործընթացը: Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային Համալսարանը և Երևանի “Գլաձոր” համալսարանը:
Սեմինարի բացմանը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ու Նիդեռլանդների եւ Ֆլանդրիայի բուհերի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին ARQATA ծրագիրը: Վերջինիս շրջանակում Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները շուրջ 2 տարի աշխատելու են ՀՀ-ում, աջակցելու են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին և հայաստանյան բուհերին` կրթության որակի ապահովման մշակույթի ձեւավորման գործում: Արդյունքում NVAO-ն ՈԱԱԿ-ին կնախապատրաստի միջազգային հավատարմագրման համար:
Այնուհետեւ սկսվեց սեմինարների շարքը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան կրթության որակի ապահովման տերմինաբանությանը, գնահատման տարբեր մեկնաբանություններին, որակի ներքին ապահովման լավագույն փորձին, մասնագիտության կրթական ծրագրերի գնահատման մեխանիզմներին, ինչպես նաեւ իրականցրին մի շարք թիմային աշխատանքներ եւ առաջադրանքներ:
Ամփոփելով քննարկումները՝ համաժողովի մասնակիցները նշում էին, որ այն խոստումնալից սկիզբ է հավատարմագրման գործընթացի համար։ Իսկ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռ. Թոփչյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար՝ տեղեկացրեց, որ սեմինարները կրելու են շարունակական բնույթ. հաջորդ սեմինարը նախատեսվում է մարտի 21-ին ։