«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում» եռօրյա սեմինարով սկիզբ դրվեց 6 պետական եւ 2 ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացին: Հիշեցնենք, որ դրանք են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային համալսարանը և Երևանի «Գլաձոր» համալսարանը:
Սեմինարին բացման խոսք ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա կարեւորեց հավատարմագրման գործընթացի մեկնարկը եւ որակեց այն որպես կրթության որակի շարունակական բարելավման անհրաժեշտ քայլ: ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը եւ NVAO-ի ներկայացուցիչ Միշել Վերան ներկայացրին ARQATA ծրագիրը, որի շրջանակում շուրջ 2 տարի համատեղ իրականացվելու է նշված բուհերից երեքի (ԵՊԲՀ, ԵՊՀ, ՀՊՃՀ) հավատարմագրման գործընթացը: Այդպիսով NVAO-ն նախապատրաստելու է ՈԱԱԿ-ին միջազգային հավատարմագրման համար:
Միշել Վերան, դիմելով բուհերի ներկայացուցիչներին, նշեց. «Հավատարմագրումը բյուրոկրատական գործընթաց չէ, երկար զեկույցներ չեն, որոնք ոչ ոք չի կարդալու: Մենք ուզում ենք սկսել գործընթաց, որի միջոցով կրթության որակը կբարելավվի՝ համապատասխանելով ձեր նպատակներին»:
Սեմինարի առաջին օրը ԵՊՃՀ ներկայացուցիչ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց փորձագիտական գնահատման արդյունքում ձևավորված որակի ներքին ապահովման փորձի օրինակը ՀՀ-ում: Այնուհետեւ մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի եւ NVAO-ի ներկայացուցիչներ Հիլչե Բըլգլըրը, Իվոն Իփինկը եւ Իրմա Ֆրանսեն անցկացրին սեմինարներ որակի ներքին ապահովման վերաբերյալ: Օրվա երկրորդ կեսին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և NVAO-ի ներկայացուցիչ Իրմա Ֆրանսեն ներկայացրին որակի ապահովման տերմինաբանության առաջին մասը՝ «Սկզբունքներ, չափանիշներ և չափորոշիչներ»:
Սեմնարի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան գնահատման տարբեր մեկնաբանություններին, որակի ներքին ապահովման լավագույն փորձին, մասնագիտության կրթական ծրագրերի գնահատման մեխանիզմներին:
Սեմինարի վերջին օրը նախատեսվում է, որ մասնակիցները կվերապատրաստվեն ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության իրականացման թեմայով, ինչպես նաեւ կշարունակեն ծանոթանալ որակի ապահովման հիմնական տերմինաբանությանը: