«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցեց նոյեմբերի 19-21-ին կայացած Որակի ապահովման եվրոպական 10-րդ ֆորումին (EQAF), որն այս տարի կրում էր «Պատասխանատվություն ստանձնել և նայել առաջ» խորագիրը:
Եռօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց որակի ապահովման ընթացիկ զարգացումներին, քննարկվեցին իրականացվող հետազոտությունները, առկա փորձը և ոլորտի քաղաքականությունը:
2015-ին նշվեց Որակի ապահովման եվրոպական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափորոշիչների և ուղենիշների (ESG) ներկայացման 10-րդ տարեդարձը, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պաշտոնական մեկնարկի 5-րդ տարին:
Հոբելյանական ֆորումի մասնակիցները քննարկել են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման հեռանկարները, նոր ESG-ի պայմաններում որակի ներքին և արտաքին ապահովումը, տրանսազգային կրթության որակի ապահովումը: Անդրադարձ է կատարվել ուսանողակենտրոն կրթությանը, որակի մշակույթի խթանման քաղաքականությանը, ուսումնասիրվել է նաև, թե ինչպես է կոնկրետ կազմակերպության փորձը տարածվում և ազդում եվրոպայի մակարդակով քաղաքականության վրա:
Միջոցառման համակազմակերպիչներն էին Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան, Եվրոպական բուհերի ասոցիացիան, Եվրոպական ուսանողական միությունը, Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիան: Ֆորումը հյուրընկալել էին Միացյալ Թագավորության Որակի ապահովման գործակալությունը և UCL կրթության ինստիտուտը: