ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալությունը պաշտոնական նամակ է հղել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանին`շնորհակալություն հայտնելով «Մասնագիտական կրթության որակի ապահովումը. տեղական ու միջազգային փորձը» համաժողովին ՈԱԱԿ-ի ներկայացուցչի մասնակցության համար:
«Իր զեկույցում ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Ա. Մակարյանը ներկայացրեց կրթության որակի ապահովման եվրոպական համակարգի ներդրման փորձը Հայաստանում: Զեկույցը համաժողովի մասնակիցների մոտ մեծ հետաքրքրության առաջացրեց, և քննարկումը շարունակվեց կլոր սեղանի շուրջ»,- ասված է Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Վլադիմիր Կարելինի նամակում:
ՈԱԱԿ-ի աշխատակազմին հաջողություններ մաղթելով և հետագա համագործակցության հույս հայտնելով`Վ.Կարելինը գրում է. «Վստահ եմ, որ Հայաստանի ներկայցուցչի մասնակցությունը համաժողովին մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ևս մեկ էջ դարձավ»:
Նշենք, որ ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը մասնակցել էր Մոսկվայում ապրիլի 22-ին և 23-ին կայացած «Մասնագիտական կրթության որակի ապահովումը. տեղական ու միջազգային փորձը» միջազգային համաժողովին: Նա զեկույց է ունեցել «Հայաստանում կրթության որակի ապահովման եվրոպական համակարգի ներդրումը» թեմայով: