ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական և Ա․ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարաններին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Այսօր տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը։
Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց ռազմական բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի` փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:
Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Հավատարմագրված բուհերի մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի է Հավատարմագրման պետական գրանցամատյանում: