Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ մարտի 26-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում 20 քոլեջների ներկայացուցիչների հետ, որոնք 2024թ․ անցնելու են ինստիտուցիոնալ հավատարմագրում:
Նման հանդիպումների նպատակն է պատասխանել ինքնավերլուծությանը, ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարի լրացմանը, արտաքին գնահատմանն առնչվող առավել հաճախ հնչող հարցերին:
Քոլեջների ներկայացուցիչներին հուզող հիմնական հարցերն էին.
- Ի՞նչ ուղենիշներով պետք է առաջնորդվեն ինքնավերլուծություն իրականացնելիս,
- Կա արդյոք ինքնավերլուծությանը ներկայացվող ծավալային սահմանափակում,
- Ո՞ր չափանիշների ներքո պետք է ներկայացվեն փաստաթղթերը, որոնց ինքնավերլուծության տարբեր հատվածներում հղում են կատարում,
- Ինչպե՞ս են ընտրվելու արտաքին գնահատման ժամանակ դիտարկվող ՄԿԾ-ները,
- Ովքե՞ր կարող են համարվել գործատու-դասախոսներ,
- Վերահավատարմագրվող քոլեջներն ինչպե՞ս պետք է թարմացնեն ինստիտուցիոնալ տվյալների էլեկտրոնային հարցաշարը և այլն:
ՈԱԱԿ մասնագետները պատասխանեցին քոլեջների ներկայացուցիչներին հուզող հարցերին, պարզաբանեցին տեխնիկական բնույթի խնդիրները: Պարզաբանող նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Ավելի վաղ ՈԱԱԿ-ը «Ինչպե՞ս իրականացնել ինքնավերլուծություն» թեմայով վերապատրաստում էր իրականացրել քոլեջների աշխատակիցների համար:
Նշենք, որ 2024թ․-ին ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ արտաքին գնահատման գործընթացներ է իրականացնելու 20 քոլեջում: Նրանցից 12-ն առաջին անգամ են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու, ևս 8-ը վերահավատարմագրման փուլում են։