Մայիսի 25-ին ՄԿԾ բարելավման հաջողված փորձերի բացահայտման և տարածման շրջանակում ՈԱԱԿ-ը նախաձեռնեց հերթական առցանց հանդիպումը Հայաստանում և Արցախում գործող բուհերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր երկխոսություն ձևավորել բուհերի միջև՝ բարելավման հաջողված փորձերը տարածելու նպատակով և նպաստել բուհերի փոխհամագործակցությանը։ Այս անգամ քննարկման թեման էր դասի պլանավորումը և որակի ապահովումը։ Իրենց լավագույն փորձով կիսվեցին Երևանի պետական համալսարանի Սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեյրան Սուվարյանը՝ «Դասի որակի ապահովում» թեմայով, և Հայաստանի Եվրոպական համալսարանի Զբոսաշրջության և սպասարկման ամբիոնի դասախոս Արմինե Մատենցյանը՝ «Դասավանդման պրակտիկայում առանձնացված խնդրի լուծման փորձ (Զբոսաշրջության շուկայագիտություն դասընթացի շրջանակներում)» թեմայով։
Ըստ Ս․ Սուվարյանի՝ դասի պլանը կյանքի կոչելիս դասախոսը անցնում է 3 էտապ՝ պլանավորում, իրականացում, գնահատում։ Ամեն դաս պլանավորելիս պետք է ներառել մի քանի կարևոր բաղադրիչ․ նախորդ դասերի ստուգում՝ հարց-պատասխան ձևաչափով, դասի ընթացքում ուսանողների հետ հարաբերության ստեղծում, որով դասախոսը կարողանում է ուսանողներին պատրաստել դասին, սովորելուն, իսկ դասի վերջում պետք է իրականացնել գնահատում և հասկանալ՝ արդյո՞ք դասախոսը կարողացավ դասի սկզբում պլանավորված վերջնարդյունքները փոխանցել ուսանողին։
ՀԵՀ դասախոս Արմինե Մտենցյանն էլ իր հերթին նշեց՝ դասի իրականացումը հաճախ կարող է շեղվել պլանավորումից․ դասախոսը պետք է պատրաստ լինի նաև իրավիճակային փոփոխություններին և անկախ դրանցից՝ ապահովի դասի իրականացումը։ Իսկ իրականացված դասը պետք է գնահատել՝ ստուգել՝ արդյո՞ք դասի վերջում ուսանողը ձեռք բերեց այն վերջնարդյունքները, որոնք պլանավորված էին դասի սկզբում։ Բանախոսը կարևորվեց նաև դասից առաջ ուանողների կարիքների վերհանման և ըստ կարիքների՝ դասի պլանավորման անհրաժեշտությունը։
Բանախոսների կարծիքով՝ դասի պլանը պետք է հագեցած լինի գործնական հմտություններ ձևավորող հանձնարարականներով, մոտիվացիոն բաղադրիչով, որը կպատասխանի ուսանողի « ինչու՞» հարցին։
«ՈԱԱԿ-ը պատրաստ է ստեղծել թե՛ հարթակներ, թե՛ հնարավորություններ, որտեղ մեր բուհերը կարող են ներկայացնել կրթական ծրագրերի բարելավման իրենց լավագույն փորձերը, քանի որ մենք կարիք ունենք փորձի փոխանակման և համագործակցության խթանման։ Մենք ուզում ենք իմանալ՝ ինչպե՞ս եք դուք որակը հասցնում լսարան և ինչպիսի՞ օրինակելի փորձեր կան»․ հանդիպումն ամփոփեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։