ՈԱԱԿ-ում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարվում էր ՈԱԱԿ-ի՝ որակի ապահովման չափանիշների ու չափորոշիչների գործունակությունը նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում։ Մասնակցում էին քոլեջների տնօրեններ և միջազգային փորձագետ Էնտոնի Թիրելը։
Պետական հումանիտար քոլեջի տնօրեն Հ․ Հակոբջանյանը նշեց, որ որակի ապահովման ՈԱԱԿ-ի մշակումներն արդեն իսկ օգտակար են դարձել ուսումնական հաստատությունների համար, քանի որ համակարգաված ներկայացնում է որակի ապահովման տիրույթներն ու պահանջները։
«Որակի ապահովման ներքին համակարգի ներդրման առաջարկը ևս ողջունելի է, քանի որ ժողովրդավարական կառույց է առաջարկվում»- ասաց Հ․ Հակոբջանյանը։ Ըստ նրա, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում նշված չափանիշների և չափորոշիչների գործարկումը կարող է խնդրահարույց լինել հիմնականում ֆինանսական սահմանափակ հնարավորության պատճառով, ինչը նրանց թույլ չի տալիս, օրինակ, որակի ներքին ապահովման համակարգում ունենալ դրանով զբաղվող առանձին կադրեր։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ի տարբերություն բուհերի, այլ պետք է լինեն նաև ուսանողներին որակի ապահովման համակարգում ներգրավվելու մոտեցումները։ Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ի տարբերություն բուհերում որակի կառավարման 7՝ «Ինստիտուցիոնալ կարողություն, Ֆինանսավորում, Կրթական ծրագրեր, Ուսանողներ, Գիտելիքի կառավարում, Տեղեկատվության կառավարում և Որակի մշակույթ» տիրույթների, միջին մասնագիական ուսումնական հաստատություններում գիտական հետազոտական ու նորարարական աշխատանքի փոխարեն պետք է շեշտը դրվի ուսումնամեթոդական հետազոտական աշխատանքների վրա։ Տարբեր պետք է լինի նաև փորձաքննություն իրականացնող փորձագետների խմբերը։
Քննարկման մասնակիցները մտահոգություն հայտնեցին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների արտոնագրային այն պահանջի վերաբերյալ, ըստ որի՝ դասախոսական կազմի 80%-ը պետք է լինի հիմնական աշխատող։ Շուկայում գործող մասնագետներին ուսումնական գործընթացում ներգրավելու առումով սա խնդրահարույց պահանջ է։
Է. Թիրելը նշեց, որ ՈԱԱԿ-ի մշակած չափանիշների ու չափորոշիչները և որակի ապահովման առաջարկվող շրջանակը ընդունելի է նաև նախնական և միջին մասնագիտական համակարգի համար. այս դեպքում տարբերությունը մոտեցումներն ու գործիքակազմն է։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը ՈԱԱԿ մշակած չափանիշների ու չափորոշիչների նախագծի վերամշակման ու դրանց գործունակությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ։