Մասնագիտական կրթության որակի ապահովման ազային կենտրոնի «Ուսանողության ձայն» նախագիծը տոնում է իր 7-րդ տարեդարձը։ Այն արդեն 7 տարի նույն նպատակի շուրջ է միավորում հայաստանյան պետական և մասնավոր բուհերի ու քոլեջների ուսանողներին։
«Ուսանողության ձայնի» տարեդարձն այսօր ՈԱԱԿ-ում նշանավորվեց ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտածներին հավաստագրերի հանձմամբ և նախագծի փորձառու ու նորեկ անդամների փորձի փոխանակմամբ։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, կարևորելով «Ուսանողության ձայնի» դերը և անցած ուղին՝ ուսանողներին կոչ արեց առաջիկայում իրենց համար արդիական թեմաներով հետազոտություններ իրականացնել և այդպիսով ուսանողներին հուզող խնդիրները վեր հանել։
Ուսանողներին ողջույնի խոսք հղեց նաև ՈԱԱԿ փորձագետ, ՀԱԱՀ դասախոս Գայանե Մարմարյանը՝ կարևորելով նախագծի դերը ուսանողների իրազեկվածության բարձրացման և բանիմաց ուսանող-փորձագետների պատրաստման գործում։
2011-ից գործող «Ուսանողության ձայն» նախագծի հեռահար նպատակն է, որ հայաստանյան ուսանողը դառնա պահանջատեր իր կրթության որակի բարելավման նկատմամբ։
Նախագծի շրջանակներում պարբերաբար կրթության որակի ապահովմանը նվիրված դասընթացներ են կազմակերպվում, պատրաստվում են ուսանող-փորձագետներ ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացներում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև իրականացվում են ուսանողներին հուզող խնդիրների հետազոտություններ։