Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում Ուսանողական շաբաթ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ, նախկին ուսանող-փորձագետ Արթուր Դավթյանը, ուսանող-փորձագետներ, քոլեջի շրջանավարտներ Ինգա Հարությունյանն ու Շուշաննա Կարապետյանը։
Մերի Բարսեղյանը ներկայացրեց, թե ինչու և ինչով է կարևոր ուսանողների մասնակցությունը որակի ապահովման և հավատարմագրման գործընթացներում ՝ անդրադառնալով հետևյալ հիմնական թեմաներին.
- ուսանողների ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացներում,
- ուսանողների կարիքների գնահատման ազդեցությունը կրթական բարեփոխումների վրա,
- հավատարմագրման դերը կրթության արժանահավատության բարձրացման գործում։
Բացի այդ, մասնակիցներին ներկայացվեցին «Ուսանողության ձայն» նախագիծը, ՈԱԱԿ գործընթացներում ուսանողների մասնակցության և կրթության կառավարման ոլորտում կարիերա ստեղծելու հնարավորությունները։ Հանդիպման նպատակը կրթության որակի բարելավման վերաբերյալ ուսանողների իրազեկվածության բարձրացումն ու նրանց ներգրավման խթանումն էր։
Հանդիպման ընթացքում ուսանող-փորձագետները պատմեցին որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերակատարության և ուսանող-փորձագետի իրենց փորձառության մասին։
ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները կոչ արեցին ուսանողներին ակտիվորեն մասնակցել կրթության որակի բարելավման գործընթացներին՝ միանալով «Ուսանողության ձայն» նախագծին և մասնակցելով ուսանող-փորձագետների պատրաստման պարբերական դասընթացներին։