ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» ծրագիրը փետրվարի 17-ին հրապարակեց Հայաստանի խոշոր ուսումնական հաստատությունների ուսանողության շրջանում իրականացրած «Բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները. ուսանողների կարծիքի հարցում» հետազոտության արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀՀ ԿԳՆ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, հայաստանյան բուհերի, միջազգային կրթական ծրագրերի ներկայացուցիչներ եւ ուսանողներ:
Հյուրերը ողջունեցին և կարևորեցին ծրագրի գործունեութjունը և «Ուսանողության ձայնի» դերը կրթության որակի մշակույթի ձևավորման ճանապարհին: ՀՀ ԿԳՆ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց. «Հայաստանն այն երկրներից է, որտեղ սահմանված է ուսանողների 25 %-ի ներգրավվածություն բուհի կառավարմանը: Մենք խրախուսում ենք ուսանողների ակտիվությունը»:
«Ուսանողության ձայն» թիմի անդամները շնորհակալություն հայտնեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակիցներին, «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին, Հայաստանում «Տեմպուս» ծրագրի ազգային գրասենյակին` հետազոտության իրականացմանն աջակցելու համար: Այնուհետև ուսանողները ներկայացրին 594 ուսանողների շրջանում շուրջ 4 ամսվա ընթացքում իրականացրած հետազոտության տվյալները:
«Ուսանողության ձայնի» անցկացրած հետազոտությունը պարզել է, որ ուսանողների. 21.4 %-ը չգիտի, թե ինչ է կրեդիտային համակարգը, 31.4%-ը կարծում է, որ ընդամենը գնահատման սանդղակ է, իսկ 3.3 %-ը` անկայուն համակարգ:
Ուսանողների կարծիքով կրեդիտային համակարգն ունի դրական կողմեր. դյուրացնում է գնահատական ստանալը, նպաստում է գնահատման օբյեկտիվությանը և խթանում ուսանողների սովորելուն, ինչպես նաև ինքնուրույնության զարգացմանը: Որպես բացասական կողմ` ուսանողները նշել են գնահատման համակարգը, կրթության որակի անկումը , համակարգի թերի լինելը:
Հատկանշական է, որ ուսանողների 73.9%-ը կարծում է, որ կա պրակտիկայի պակաս լավ մասնագետ դառնալու և մասնագիտությամբ աշխատանք գտնելու համար:
Ուսումնասիրությունների տվյալների հրապարակումից հետո բուռն քննարկում սկսվեց հետազոտությունն իրականացնողների ու մասնակիցների միջեւ: Հնչեցին տարբեր հարցեր, կարիծքներ, եղան համագործակցության ու քննարկումներ անցկացնելու բազմաթիվ առաջարկներ:
Նշենք, որ հետազոտության վերջնական ու ամբողջական տվյալներն ու վերլուծությունը կտեղադրվեն «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի և «Ուսանողության ձայնի» պաշտոնական կայքում:
Ուսանողները հետազոտության արդյունքները կներկայացնեն նաեւ Վանաձորում եւ Գյումրիում:
Միջոցառման ավարտին «Ուսանողության ձայն» ծրագիրը մասնակիցների հետ նշեց իր միամյա տարեդարձը: