Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացը։ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում առաջիկա ամսվա ընթացքում տարբեր բուհերի ուսանողներն ՈԱԱԿ-ում կուսումնասիրեն կրթության որակի ապահովման գործընթացները։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, կուսումնասիրեն «Հավատարմագրման կարգը», կծանոթանան հավատարմագրման չափանիշներին և չափորոշիչներին, ինչպես նաև որակի ներքին և արտաքին ապահովման սկզբունքներին։
Ուսանողները կուսումնասիրեն նաև արդեն հավատարմագրված բուհերի ինքնավերլուծությունները, փորձագիտական զեկույցները և թերությունների վերացման ծրագրերը՝ գործնական օրինակներով ծանոթանալով որակի ապահովման գործընթացներին։
Նրանց հետ իրենց փորձով և գիտելիքներով կկիսվեն հավատարմագրման գործընթացներին մասնակցած ՈԱԱԿ փորձագետները և ուսանող-փորձագետները, տարբեր բուհերի որակի ապահովման մասնագետները։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում՝ հնարավորություն ստանալով մասնակցել բուհերի հավատարմագրման գործընթացներին։ Դասընթացի արդյունքում կբարձրանա նաև մասնակից ուսանողների՝ կրթության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, նրանք կկարողանան մասնակից դառնալ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և որակի մշակույթի կայացմանը։
Նշենք, որ «Ուսանողության ձայնի» կողմից իրականացվող դասընթացի հայտարարությանն այնքան շատ դիմորդներ են եղել, որ մի քանի խումբ է ձևավորվել։ Ընթացիկ խմբի դասընթացի ավարտից հետո զուգահեռաբար կմեկնարկեն նաև մյուս խմբերի համար դասընթացները։