Առցանց կրթության որակի ապահովմանն առնչվող խնդիրներն էին ապագա ուսանող-փորձագետների և ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հանդիպման օրակարգում։
ՈԱԱԿ «Ուսանողության ձայնի» դասընթացի մասնակիցները պարոն Թոփչյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները և քննարկեցին, թե ինչպիսին են տեսնում այդ խնդիրների լուծումը։
Ուսանողները, չհերքելով, որ առցանց կրթությունն ունի դրական կողմեր, մատնանշեցին նաև մի շարք բացասական երևույթներ, որոնք խոչընդոտում են կրթության արդյունավետությանը նրանց տեսանկյունից։ Մասնավորապես, ուսանողները դժգոհում են, որ առցանց կրթության պայմաններում իրենց դասընկերների և դասախոսների հետ անմիջական շփման և քննարկումների պակաս կա։ Մեկ այլ խնդիր է ակադեմիական ազնվության հարցը․ օնլայն հարթակներում այն ավելի սուր է դրսևորվում և առավել դժվար վերահսկելի է։
Ավարտական կուրսերի ուսանողներին մտահոգում են օնլայն քննությունները և ավարտական աշխատանքի պաշտպանությունը։ Հանդիպման ընթացքում նրանք հարցադրում արեցին, թե որքանով օբյեկտիվ կլինեն առցանց քննության գնահատականները, նաև ինչպես կարելի է լրացնել քննական հանձնաժողովի հետ անմիջական շփման բացը՝ օգտագործելով ոչ վերբալ հաղորդակցության միջոցները հեռավորության վրա։
Որպես խնդիր նշվեց նաև ավարտական կուրսերի պրակտիկայի հարցը։ Ուսանողները, բարձր գնահատելով պրակտիկայի դերը մասնագիտական հմտությունների ձևավորման հարցում, քննարկեցին, թե ստեղծված պայմաններում ինչպես կարող են լրացնել պրակտիկայի բացը։
Քննարկվեցին նաև տարբեր բուհերի և դասախոսների կողմից օգտագործվող օնլայն հարթակները, դրանց արդյունավետությունը, դրական և բացասական կողմերը, դասերի կամ ուսանող-դասախոս շփման նախընտրելի տևողությունը և այլ հարցեր։