Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացավ «Ինչպես է ապահովվում բարձրագույն կրթության որակը Հայաստանում. որքանով է այն համապատասխանում միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին» թեմայով մամուլի ասուլիսը: Բանախոսն էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
«Մեր հիմնական գործառույթը` հավատարմագրումը, միտված է նրան, որ ուսումնական հաստատությունները, տարբեր շահակիցներից ստանալով արձագանքներ, բարելավեն իրենց գործընթացները»,- ասաց պարոն Թոփչյանը`նշելով, որ ՈԱԱԿ-ի գործողությունները կոչված են որակի բարելավման մշակույթի ձևավորմանը, իսկ որակի չափողը գործատուն է:
Նրա խոսքով` գործատուն ակնկալում է, որ շրջանավարտը պետք է կարողանա շփվել խմբում, կարծիքներով փոխանակվել, ունենալ հետազոտական կարողություններ, մինչդեռ բուհերը կենտրոնացած չեն այդ կարողությունների ձևավորման վրա: Պատճառներից մեկը խորհրդային ժառանգությունն է: Բուհերը, խորհրդային տարիների պես, փորձում են ուսանողին տալ գիտելիքներ ողջ կյանքի համար:
«Հնարավոր չէ բուհում ամեն ինչ սովորեցնել, իսկ սովորացրածն էլ արագ հնանում է, ուստի մոտեցումները պետք է փոխել: Ուսանողի մեջ պետք է դաստիարակենք ինքնակրթվելու կարողություն: Բուհերում կաղում է նաև ուսանողների ներգրավվածությունը հետազոտական պրոցեսներում»,- ասաց Թոփչյանը:
Խոսելով բուհական համակարգում առկա խնդիրների մասին`Թոփչյանը մատնանշեց նաև միջազգայնացումը և կրթության կառավարումը. «Ուսանողների և դասախոսների շարժունությունը փոքր է: Պատահում է, որ 20-30 տարվա դասախոսը երբևէ իր օտարերկրյա որևէ գործընկերոջ չի հանդիպել, փորձի փոխանակում չի կատարել: Պետք է միջազգային դասախոսների հրավիրենք այլ երկրներից, դա կբերի որոշակի հաջողության»:
Իսկ կրթության կառավարման մասին Թոփչյանն ասում է, որ հաճախ կիրառվում է սովորեցնելու իմացած մեթոդը կամ անգամ այն, որի արդյունավետության մեջ համոզված չենք. «Հատկապես կրթական համակարգում հապճեպ որոշումները խնդրահարույց են, պետք է հիմնավոր հասկանանք`որքանով է արդյունավետ, նոր սկսենք կիրառել»:
Անդրադառնալով հավատարմագրման գործընթացն անցած 15 բուհերին, Թոփչյանը նշեց, որ այդ բուհերն արդեն մտահոգ են իրենց արդյունքների գնահատմամբ և բարելավմամբ, ունեն բարելավման գործողությունների պլան առաջիկա 2-5 տարիների համար:
Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելով`Թոփչյանը բացառեց երևույթը`նշելով, որ բուհը կամավոր է դիմում հավատարմագրման: Միջազգային փորձագետներին առաջարկում են միջազգային կառույցները, փորձագետ ուսանողին`Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիան, իսկ տեղացի փորձագետները, որոնք ընտրվում են համապատասխան բազայից, կրթության կառավարման փորձ ունեցող լավագույն մասնագետներն են:
«Օրինակ, բուհերի մեծամասնության բարելավման պլանները շուրջ 60 էջից են բաղկացած, եթե կոռուպցիոն ռիսկեր լինեին, կպարզվեր, որ բուհերից ինչ-որ մեկում ամեն ինչ լավ է, և բարելավման պլանի կարիք չկա»,- ասաց նա:
Պարոն Թոփչյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 20-24-ը ՈԱԱԿ-ը հայտարարել է «Կրթության որակի շաբաթ»: ՈԱԱԿ-ը երկու տարին մեկ պարբերականությամբ իրականացնում է շահակիցների ֆորում և համաժողով: Արդեն երկրորդ անգամ համաժողովը շուրջ 200 տեղացի և միջազգային մասնագետների մեկ հարկի տակ կհավաքի` քննարկելու առկա խնդիրները և փորձով փոխանակվելու:
«Մինչև բաց քննարկումներ չունենանք, խնդիրը չի լուծվի: Միասին պետք է փորձենք գտնել լուծումներ»,- ասաց նա: