Մայիսի 11-ին «Ուսանողության ձայն» նախագծի հերթական դասընթացն ավարտած ուսանողները հյուրընկալվել էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում: Հանդիպման ընթացքում ուսանողները կիսվեցին Կրթության որակի մասին իրենց պատկերացումներով, համակարգում առկա խնդիրներով և իրենց՝ որպես ապագա մասնագետների պատրաստման գործընթացում առկա մարտահրավերներով:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը շեշտադրեց ուսանողների մոտ նորարարական կարողությունների ձևավորումը՝ նշելով. «Ուսանողը պետք է ավարտի համալսարանը՝ ունենալով կարողություններ իր աշխատանքը նոր ձևով և ավելի լավ անելու համար»:
Հանդիպման առանցքում էին նաև.
- ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը հետազոտող մասնագետների պատրաստման համար,
- «փնտրող» դասախոսների առկայության կարևորությունը ուսանողների մոտ վերլուծական մտածողության զարգացման նպատակով,
- ուսանողների մոտ պրակտիկ կարողությունների ձևավորումը,
- որակի ներքին ապահովման համակարգում ուսանողների դերը։
Հանդիպման ավարտին «Ուսանողության ձայն» նախագծի մասնակիցները ստացան դասընթացի մասնակցության հավաստագրերը։ Վերապատրաստումներին մասնակցել են բուհերի և քոլեջների ուսանողներ՝ ՈԱԱԿ մասնագետների օգնությամբ ստանալով կրթության որակի ներքին և արտաքին համակարգերի մասին գիտելիքներ և ձևավորելով փորձագիտական աշխատանքի իրականացման հմտություններ։
ՈԱԱԿ-ի հետ աշխատանքը և համագործակցությունը դասընթացներից հետո չի ավարտվում․ ուսանող-փորձագետները ընդգրկվում են ՈԱԱԿ փորձագիտական բազայում և պարբերաբար ստանում են հնարավորություններ ինչպես փորձագիտական աշխատանք կատարելու, այնպես էլ ՈԱԱԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու։