Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) սեպտեմբերի 30-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քոլեջում (միջին մասնագիտական կրթական ծրագիր)։
Այցի ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան ՃԿՊԱ ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի, ուսանողների հետ:
Այցի ընթացքում քննարկվեցին ՄՈՒՀ-ում որակի ապահովման գործողությունները, ռազմավարական, տվյալների վրա հիմնված կառավարումը։
Քոլեջում ՄԿԾ-ների բարելավման գործողությունների շրջանակում կարևորվեց ուսանողներին տրվող առաջադրանքների գնահատման հստակ չափանիշների առկայությունը, դասախոսների կողմից դասի պլանավորումը և սահմանված վերջնարդյունքների ապահովման մեխանիզմները։
Անդրադարձ կատարվեց նաև․
- ուսումնական գործընթացում հետազոտական բաղադրիչի ներդրմանը, ուսանողների և դասախոսների հետազոտական գործունեության խրախուսման մեխանիզմներին,
- միջազգային համագործակցություններին, այդ շրջանակում դասախոսների փոխանակման, կարողությունների զարգացման հնարավորություններին,
- կուտակված գիտելիքն ուսանողին օպերատիվորեն հասցնելու, գործնական ուսուցում կազմակերպելու կարևորությանը,
- սթրեսակայունության, արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու և որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը մասնագիտական բոլոր ոլորտներում և մակարդակներում,
- թիմային աշխատանքի և համագործակցային կարողությունների զարգացմանը առաջադրանքների միջոցով,
- հանրակրթական առարկաների՝ սեղմ ժամկետում դասավանդման արդյունավետությանը, հանրակրթական և մասնագիտական առարկաների փոխկապակցման մեխանիզմներին։
Ընդգծվեց տարբեր կարողություններով ուսանողների հետ նույն դասաժամի շրջանակներում տարբեր առաջադրանքներով աշխատելու և համապատասխան կարողություններ ձևավորելու կարևորությունը։ Շեշտադրվեց, որ ուսանողակենտրոնությունը դասի պլանից մինչև ամեն ուսանողի կարիքի հիման վրա դասի պլանավորումն է։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները մատնանշեցին ՄՈՒՀ-ի լավագույն փորձը և բարելավման ուղղությունները: