Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի 25-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի քոլեջում։ Նպատակն էր դիտարկել քոլեջում ծավալվող որակի ապահովման գործընթացները և դրանց արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները:
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Մշտադիտարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները.
- ինչպե՞ս է ՄՈՒՀ-ը տեղայնացնում ՊԿՉ-ները, որքանո՞վ են այդ գործընթացում ներգրավված գործատուները,
- ինչպե՞ս է տեղի ունենում ՄԿԾ-ների ներքին գնահատման և բարելավման գործընթացը,
- ինչպե՞ս է ՄՈՒՀ-ը գնահատում ՄԿԾ-ներում տեղի ունեցած փոփոխությունների արդյունավետությունը և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը,
- ինչպիսի՞ն է ձևավորող գնահատման կիրառման փորձը ՄՈՒՀ-ում, ի՞նչ առաջադրանքներ են հանձնարարում ուսանողին, որոնք բխում են գործատուի միջավայրից,
- ինչպե՞ս են տեղի ունենում պրակտիկաները և ինչպե՞ս է գնահատվում դրանց արդյունավետությունը,
- ի՞նչ մեթոդաբանությամբ է ՄՈՒՀ-ը վեր հանում և արձագանքում դասախոսների կարիքներին, ի՞նչ պարբերականությամբ են տեղի ունենում մասնագիտական վերապատրաստումներ,
- որքանո՞վ է քոլեջի շրջանավարտը պատրաստ անմիջապես աշխատաշուկա անցնելուն։
Քննարկվեց նաև ՄՈՒՀ-ի ՈԱ աշխատանքների տարեկան ծրագիրը, համակարգի առաջնահերթությունները և ՈԱ գործողությունների արդյունքում ստացված տվյալների կիրառումը որոշումների կայացման գործընթացում։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները՝ շեշտադրելով հաստատությունում առկա լավագույն փորձը և բարելավման ենթակա ուղղությունները։