Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները ապրիլի 22-ին մշտադիտարկում իրականացրին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։
Մշտադիտարկման առանցքում էին․
- քոլեջի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը,
- որակի ապահովման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները և որակի ապահովման գործողությունների տարեկան ծրագիրը,
- հավատարմագրման ազդեցությունը քոլեջում կրթական գործընթացների վրա։
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը հանդիպումներ ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, դասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների, որակի ապահովման, պրակտիկայի և կարիերայի պատասխանատուների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին․
- Ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալուց հետո կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները;
- Ռեսուրսների համալրման ուղղությամբ իրականացված աշխատանքները;
- ՈԱ համակարգի առջև դրված խնդիրները և դրանց գնահատման ցուցիչները;
- Հետազոտական բաղադրիչի ներդրումը ՄԿԾ-ներում և կրթական գործընթացի բոլոր փուլերում, հետազոտությամբ զբաղվող դասախոսների խրախուսման մեխանիզմները;
- Դասավանդման և գնահատման գործընթացում տեղի ունեցած փոփոխությունները, պրակտիկաների արդյունավետությունը և ուսանողի գնահատումը գործատուի համատեքստում;
- ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները, գործատուների հետ համագործակցությունն այդ նպատակով;
- Արհեստական բանականության կիրառությունը դասավանդման և ուսումնառության գործընթացում, հնարավոր մարտահրավերները;
- Միջմասնագիտական համագործակցությունը և դրա խրախուսման հնարավորությունները;
- Ուսանողների կարիքների վերհանման և դրանց արձագանքման մեխանիզմները;
- Ուսանողների՝ օտար լեզուների իմացության մակարդակը և լեզուների իմացությունը խրախուսող առաջադրանքների կիրառությանը մասնագիտական դասընթացների շրջանակում։
Քոլեջի մասնագետները ներկայացրին աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքում նոր չափորոշիչների մշակման և ՄԿԾ-ի ներդրման ու փորձարկման աշխատանքները, միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ավարտական ատեստավորման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները։ Որպես լավագույն փորձ նշվեց հավատարմագրումից հետո ամենամյա ինքնավերլուծության սկզբունքի ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս քոլեջին արդյունավետ կիրառել ՊԻԳԲ շրջափուլը բոլոր գործընթացներում։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի ղեկավարությանը ներկայացրին բարելավման ուղղությունները և մատնանշեցին արձանագրված լավագույն փորձը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց քոլեջի հաջողված փորձը ներկայացնել ՈԱԱԿ-ի կողմից պարբերաբար կազմակերպվող «ՄԿԾ բարելավում․ հաջողված փորձի ներկայացում» առցանց աշխատաժողովների շրջանակում։
Նշենք՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը 2021թ․-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: