Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով առաջիկայում փորձագիտական այցեր տեղի կունենան 3 քոլեջներ. Կապանի պետական բժշկական քոլեջ, Բերդի բազմագործառութային պետական քոլեջ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ:
Հոկտեմբերի 21-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, 3 քոլեջների փորձագիտական խմբերի անդամների և համակարգողների մասնակցությամբ:
Հանդիպման առանցքային թեման ՄՈՒՀ-երի նախնական գնահատման արդյունքում դուրս բերված խոշոր խնդիրներն էին:
Ընդգծվեց, որ փորձագետների ուշադրության կենտրոնում պետք լինի որակավորումների արժանահավատ շնորհումը։ Քննարկվեց, թե ինչպես կարող են փորձագետները ՄՈՒՀ այցի ընթացքում վեր հանել որակավորումների արժանահավատ շնորհման տիրույթի խնդիրները։
Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց․
- շրջանավարտների զբաղվածության ցուցանիշների դերին որակավորումների արժանահավատ շնորհման գործում,
- տվյալահենք կառավարման և որակավորումների արժանահավատ շնորհման փոխկապակցվածությանը,
- փաստաթղթերի կիրառման արդյունավետության գնահատման մեխանիզմներին,
- ձևավորող գնահատմանը, մասնագիտական կարողություններ և հմտություններ ձևավորող հանձնարարականներին և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման ցուցիչներին։
Հանդիպման ընթացքում շեշտադրվեց, որ մասնագիտության կրթական ծրագիրն, ըստ էության, պետք է դիտարկվի որպես ՄՈՒՀ-ի և դասախոսների միջև համաձայնագիր սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման խոստման մասին։
Անդրադարձ կատարվեց նաև Հավատարմագրման կարգում տեղի ունեցած փոփոխություններին և դրանց ազդեցությանը հավատարմագրման գործընթացի վրա։