Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի 24-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Տավուշի Պ. Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում: Նպատակն էր պարզել քոլեջի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված ձեռքբերումներն ու առկա խնդիրները:
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Քննարկման առանցքում էին.
- ՄՈՒՀ-ի միջազգային համագործակցությունները և օտարերկրյա լավագույն փորձի տեղայնացման գործընթացները,
- դասավանդման կիրառվող մեթոդները, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորման գործիքակազմը, նախագծային աշխատանքները որպես պրակտիկ կարողություններ ձևավորելու միջոց,
- ՄԿԾ-ների ներքին գնահատման գործընթացը, դրա արդյունքում ՄԿԾ-ներում տեղի ունեցող փոփոխությունները և իրականացված փոփոխությունների արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը,
- հանրակրթական առարկաների բաշխվածությունն ուսումնառության ընթացքում և դասավանդման արդյունավետությունը,
- դասախոսների կարիքների վերհանման մեթոդաբանությունը, մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված քայլերը և վերապատրաստումների պարբերականությունը,
- ձևավորող գնահատման կիրառման փորձը, ուսանողին հանձնարարվող առաջադրանքները, որոնք բխում են գործատուի միջավայրից, ուսուցման գործընթացում հետադարձ կապի կիրառումը,
- որակի ապահովման գործողությունների տարեկան պլանավորումը, տվյալների հավաքագրման մեխանիզմները և դրանց կիրառումը որոշումների կայացման գործընթացում։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ներկայացրին քոլեջի լավագույն փորձը և բարելավման ուղղությունները:
Նշենք՝ Տավուշի Պ. Տէվէճեան տարածաշրջանային քոլեջը ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ 2022-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։