Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) նոյեմբերի 21-ին որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում իրականացրեց Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում։ Նպատակն էր դիտարկել քոլեջում ծավալվող որակի ապահովման գործընթացները և դրանց արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները:
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Մշտադիտարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները.
- մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) վերանայման և բարեփոխման ուղղությամբ աշխատանքները և արդյունքների գնահատումը,
- որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները, որակի մշակույթի ձևավորմանը միտված քայլերը, որակի ապահովման գործընթացների տարեկան պլանը,
- դասախոսների կարիքների վերհանման և դրանց արձագանքման գործիքակազմը և մեթոդաբանությունը, դասախոսական կազմի մասնագիտական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները, նրանց տրամադրվող մեթոդական աջակցությունը,
- պրակտիկայի ծավալները և արդյունավետությունը, գործատուի ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ուսանողների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով,
- արտաքին կապերի զարգացման, գործընկերների շրջանակի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները՝ շեշտադրելով հաստատությունում առկա լավագույն փորձը և բարելավման ենթակա ուղղությունները։