Մարտի 1-ից 3-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Աղվերանում կիրականացնեն եռօրյա սեմինարների շարք` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ, որով կմեկնարկվի հայաստանյան 8 խոշոր բուհերին հավատարմագրելու գործընթացը: Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային Համալսարանը և Երևանի “Գլաձոր” համալսարանը:
Հավատարմագրման գործընթացն իրականացնելու է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, իսկ 3 բուհերի (ԵՊԲՀ, ԵՊՀ, ՀՊՃՀ) հավատարմագրման աշխատանքներին մասնակցելու և համակարգելու է նաև Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO):
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքային թիմը պարբերաբար հանդիպումներ է ունեցել նշված բուհերի հետ, ներկայացրել հավատարմագրման ընթացքը, սկիզբ դրել հավատարմագրման համար բուհի ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի ձեւավորմանը: Սեմինարների շարքը միտված է առավել մանրամասն ներկայացնելու հավատարմագրման էությունը, կրթության որակի ներքին ապահովման մեխանիզմները: Այս նպատակով մասնագետները կվարեն աշխատաժողովներ, կքննարկեն և կծանոթացնեն կրթության որակի ապահովման լավագույն փորձին, ինքնավերլուծության իրականացման մեխանիզմներին, հավատարմագրման հիմնական հասկացություններին և այլն:
Սեմինարին ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, NVAO–ի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձնական ինստիտուտցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակից բուհերի ներկայացուցիչներից կազմված թիմեր:
Հավելենք, որ Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները շուրջ 2 տարի աշխատելու են ՀՀ-ում, աջակցելու են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին և հայաստանյան բուհերին` կրթության որակի ապահովման մշակույթի ձեւավորման գործում: Արդյունքում NVAO-ն ՈԱԱԿ-ին կնախապատրաստի միջազգային հավատարմագրման համար: Սեմինարների առաջին օրը նախատեսվում է ծրագրի մանրամասն ներկայացում:
Մուտքը բաց է լինելու լրագրողների համար. առավոտյան 9:30-ից նախատեսվում են տաքսիներ, որով լրագրողները կմեկնեն Աղվերան, իսկ բացման արարողության ավարտից և քննարկումից հետո` 12:00-12:15, լրագողները նույն փոխադրամիջոցով կվերադառնան Երեւան: