Որքանով է ուսուցումն արդյունավետ. այս հարցն են Երևանում քննարկում մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից և եվրոպական այլ երկրներից:
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով խորհրդաժողովը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իրականացրել է բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների ուսումնասիրություն և որոշակի խնդիրներ բացահայտել, որոնց լուծման ուղղությամբ ուսումնական հաստատություններն աշխատանքներ են իրականացնում,- ասաց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը: - Այժմ ժամանակն է, որ ևս մեկ քայլ առաջ անցնենք և սկսենք ուսումնասիրել մասնագիտության կրթական ծրագրերը»:
Նա նշեց, որ ինստիտուցիոնալ կարողությունների առումով ապահովված է հասարակության պահանջած թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Այժմ հասարակությունն ակնկալում է նույնը նաև մասնագիտության կրթական ծրագրերի մակարդակում:
Հաշվի առնելով այդ ամենը՝ ՈԱԱԿ կառավարման խորհուրդը քննարկում է առաջարկ ներկայացնել կառավարությանը, որ բուհերն ամեն տարի հավատարմագրեն իրենց մասնագիտության կրթական ծրագրերի առնվազն տասը տոկոսը: «Այդ պարագայում գոնե 10 տարվա շրջափուլ կառաջանա, որի ընթացքում ուսումնական հաստատության բոլոր կրթական ծրագրերը փորձաքննություն կանցնեն»,- ասաց նա:
Ուսուցման արդյունավետության գործում պարոն Թոփչյանը կարևորեց ինչպես դասախոսների դերակատարությունը, այնպես էլ բուհ-գործատու համագործակցությունը: Դասախոսը պետք է պարբերաբար ուսումնասիրի և վերլուծի իր աշխատանքի արդյունավետությունը, բարելավի մեթոդներն ու կրթական ծրագիրը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները:
«Պետք է դեմ առ դեմ երկխոսություն: Գործատուն պետք է ներկայացնի, թե ինքն ինչ խնդիր է տեսնում, դասախոսն էլ դա ներառի իր կրթական ծրագրում»,- ասաց Ռ. Թոփչյանը՝ նշելով, որ խորհրդաժողովը նման երկխոսության հարթակ է:
Նա վստահություն հայտնեց, ո ր խորհրդաժողովը սկիզբ կդնի մի մշակույթի, երբ տարեկան մեկ անգամ կրթության ոլորտի շահակիցները կընդհանրացնեն ձեռքբերումներն ուսուցման ոլորտում, կքննարկեն կրթության կազմակերպման արդյունավետությունը, դասախոսները կկիսվեն հաջողված փորձով ու դժվարություններով: «Մյուս տարի ակնկալում ենք, որ դասախոսները կներկայացնեն ուսումնասիրություններ իրենց արած գործի արդյունավետության վերաբերյալ»,- ասաց նա:
Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի ներկայացուցիչ Մկրտիչ Ավագյանը, Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարանի պրոֆեսոր Փոլ Հիլանդը:
Խորհրդաժողովի ընթացքում դասախոսների, ուսանողների, կրթության կառավարիչների և գործատուների մասնակցությամբ քննարկվեց, թե որ պարագայում է ուսուցումն արդյունավետ, ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը: Միջոցառմանը ներկա գործատուները ներկայացրեցին հիմնական խնդիրները, որ ունեն աշխատանքի դիմող նորավարտները: Այնուհետև սեկցիոն նիստերով հայաստանյան և օտարերկրյա մասնագետները ներկայացրեցին ուսուցման արդյունավետության իրենց բանաձևը:
Վաղը խորհդրաժողովը կշարունակի աշխատանքները: Կքննարկվեն ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիներն որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից, կներկայացվեն ուսուցման արդյունավետության գնահատման և բարձրացման դասախոսների փորձեր Հայաստանից, Վրաստանից և եվրոպական այլ երկրներից:
«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումի գործընկերներն են Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագիրը, որի համակարգողն է ՀՊՄՀ-ն:
Միջոցառման ինֆորմացիոն հովանավորներն են «Արարատ» հեռուստաընկերությունը, «Լրատվական ռադիո»-ն (FM 106.5), «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Orer.am լրատվական կայքը:
Միջոցառման մասին հավելյալ ինֆորմացիա կարող եք ստանալ http://forum.anqa.am կայքից